Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարելիք այցի ֆոնին, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժխմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարարի այցը Բաքու:
«Արտաքին ասպարեզում՝ ՀԱՊԿ դաշնակցի կողմից հրապարակային նվաստացում, ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին զենքերի նոր խմբաքանակի վաճառք եւ արտգործնախարարի համագործակցությունը խորացնելու նպատակով պաշտոնական այց Բաքու, կատարյալ ձախողում ԵՄ-ի հետ համագործակցությունում եւ ահագնացող մեկուսացում»,-ահա այսպես հնագատեց Կարապետյանը Հայաստանի արտաքաին քաղաքական ոլորտում իրավիճակը:
Նրա խոսքով՝ այս ոչ ամբողջական ցուցակին գումարվում են Հայաստանում մեկը մյուսին հաջորդող անպատասխան հարվածներ. «Սահմանադրական բարեփոխումներում քաղաքական ուժերից Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել դեմոկրատական, քրիստոնեադեմոկրատական եւ ամենադեմոկրատական՝ ՀՅԴ կուսակցությունների աջակցությունը: Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» ակտիվ քարոզչությամբ վիժեցնելու են վերարտադրվելու իր վերջին հնարավորությունը: Սերժ Սարգսյանը կրկին վերահաստատվում է ավազակախմբի ղեկավարի արժանի տիտղոսին, բացահայտվում են գազի գնի հերթական խարդախություններ, իսկ ժողովուրդը ատամները սեղմած սպասում էլեկտրաէներգիայի հերթական թանկացմանը»,-ասել է Վլադիմիր Կարապետյանը
Նրա ներկայացմամբ՝ «սեփական անգործության պատճառով ռուս-ադրբեջական նոր թափ հավաքող համագործակցության դեմ առնելու համար Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան ապավինել լոլիկի վաճառքով միլիոնատեր դարձած թալանի ու ընտրակեղծարարության ռահվիրա Հովիկ Աբրահամյանի դիվանագիտական հմտություններին, եւ Գալուստ Գրիգորիչի լեզվամտածողության յուրահատկություններին»:





























