2013թ.-ին Հայաստանում անշարժ գույքի գները 4 տոկոսով նվազել են: Այդ մասին հունիսի 5-ին լրագրողներին հայտնել է անշարժ գույքի գնահատման  «Օլիվեր գրուպ» ընկերության բաժնետեր հրաչյա Հակոբյանը:

Վիճակագրական տվյալների անհամապատասխանության վերաբերյալ հարցին Հակոբյանը պատասխանել է, որ վիճակագրական ծառայությունը հիմք է ընդունում անշարժ գույքի գրանցված գործարքները, այլ ոչ թե առաջարկի գինը: «Թղթի վրա կարող են մի շարք պատճառներով ավել կամ պակաս թվեր նշվել: Իսկ մենք գրանցում ենք առաջարկները, ընդ որում տեղաշարժով հանդերձ: Ծանոթ պատմություն՝ մենք բնակարան ենք վաճառում, տեսնում ենք, որ ոչ ոք չի գնում, կես տարի անց գինն իջեցնում ենք: Այդ ամենը մեզ մոտ արտացոլվում է»,- նշել է Հակոբյանը: Ընկերությունը վերլուծության մեջ ներառել է Երեւանում գտնվող 22 331 բնակարան՝ բոլորը երկրորդական շուկայում:

Նշենք, որ ընկերության կողմից արժեքի գնահատումը Վիճակագրական ծառայության տվյալներից բարձր է: Այսպես, 2013թ.-ի արդյունքներով Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակարանի 1 քառ. մետրի արժեքն ըստ Վիճակագրական ծառայության եւ «Օլիվեր գրուպի» համապատասխանաբար 242 եւ 245 հազարական դրամ(592 դոլար՝ խմբ.): Արաբկիրում կազմել է 356.6 եւ 384.2 հազարական դրամ(929 դոլար՝ խմբ.), իսկ կենտրոնում՝ 428 եւ 499 հազարական(1206 դոլար՝ խմբ.):