Իրատես de facto» թերթը զրուցել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ։ Հատված հարցազրույցից. «Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեք հայ-ուկրաինական հարաբերություններն այս փուլում:
Նորմալացող. առաջին քայլը մեր նախագահն արեց՝ շնորհավորեց Ուկրաինայի նոր ընտրված նախագահին, երկրորդ քայլով Հայաստան վերադարձավ Ուկրաինայի դեսպան պարոն Կուխտան:
Վերնիսաժի դեպքերի հետ կապվեց նաեւ Ձեր անունը:
Դեպքը եղել է, Աստված չանի՝ որեւէ մեկի հետ նման բան լինի, դա փորձանք է: Չնայած, նման բան կարող է լինել Ձեզ հետ, ինձ հետ: Ինձ հետ այն որեւէ կապ չունի, բայց, մյուս կողմից, էդ դեպքն էնքան ուռճացրի՜ն… Ցանկացած մարդ, որին կնոջ ու երեխայի առաջ ստորացնեն, ամեն ինչի ընդունակ կարող է լինել։ Իրավապահ մարմինները զբաղվում են, քննություն է գնում, ես տեղյակ չեմ մանրամասներին:
Տեղեկացնեմ՝ «Յուվեցի Կարոյի» փեսային ստորագրությամբ ազատ են արձակելու: Ի դեպ, տեսակետ կա, որ Դուք ցանկանում եք Ռուսաստանում ՀՀ դեսպան դառնալ, չնայած, առավել շատ տալիս են Շավարշ Քոչարյանի անունը:
Կարող է չհավատաք, բայց ասեմ` ես որեւէ ձգտում չունեմ որեւէ պաշտոնի, որեւէ այլ բանի, համարում եմ, որ իմ գործն արդեն կատարել եմ։ Արդեն վաթսուն տարեկան եմ, բացարձակ կառչած չեմ պաշտոնից, միշտ արել եմ այն, ինչ պետք է աներ հայ մարդը` Ուկրաինայի հայերի համար: Իսկ եթե որեւէ մեկը Ձեզ հրահրում է, որ Դուք այդ մասին գրեք, դա այլ հարց է: Դուք գրում եք, որ ես Ուկրաինայում բիզնես ունեմ, բայց ես երբեք Ուկրաինայում բիզնեսով չեմ զբաղվել:
Կարծում եք՝ Ձեր դեմ «հրահրողնե՞ր» կան. չե՞ք ասի` ովքեր են: Ի դեպ, մենք գրել էինք ոչ թե Ձեր, այլ Գագիկ Ծառուկյանի` Ձեր խնամու՝ Ուկրաինայում ունեցած բիզնեսների մասին:
Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ Յանուկովիչի ընկերն է եղել, իսկ ես ընդամենը Ուկրաինայում ՀՀ դեսպանն եմ, ես չէի կարող մտնել նրանց հարաբերությունների մեջ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը եւս Ուկրաինայում բիզնես չունի: Ոչ մի բիզնես:
Իսկ Յանուկովիչի գնալուց հետո՞ ինչ կապերի մեջ են նրանք. «ցավակցե՞լ» է պարոն Ծառուկյանն իր ընկերոջը, հանդիպե՞լ են, չե՞ն հանդիպել, ինքներդ ասացիք` մի օրվա ընկերություն չէր:
Ես տեղյակ չեմ: Երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, էդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը շատ մարդկային ընկերություն էր անում նրա հետ։ Դա չի նշանակում, որ նա նախագահ էր, դրա համար էր Գագիկ Ծառուկյանը նրա հետ ընկերություն անում։ Ի դեպ, երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, Գագիկ Ծառուկյանը նրան բերեց Հայաստան, Սպիտակ տարավ, ու քանի որ երկրաշարժի ժամանակ էդ մարդը մեծ աշխատանք էր կատարել Հայաստանում, իր արձանը բացեց:
Պարոն Մանուկյան, նրանք որտեղի՞ց գիտեն իրար:
Ես չգիտեմ, էդ հարցը Յանուկովիչին ու Գագիկ Ծառուկյանին պիտի ուղղեք»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























