«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում զանգվածային անկարգություններ կազմակերպած մյուս 13 քաղաքացիների գործով տուժող է ճանաչվել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Այս գործով այս պահին կա 16 տուժող: Թե կոնկրետ որ մեղադրյալն է վնասել Վալերի Օսիպյանին, համակարգը չի հայտնում:

Նշենք, որ այս գործով դատական առաջին նիստը հունիսի 12-ին է, որին ներկա կլինի նաեւ Երեւանի փոխոստիկանապետը:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն:

Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը): Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն` 15-ամյա Շահեն Հարությունյանին  նույնպես մեղադրանք է առաջադրվել է նույն հոդվածով։