Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը կոչ-նամակով դիմել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականությն հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, որտեղ կոչ է անում ճնշել այն երկրներին, այդ թվում Թուրքիային, որոնք աջակցում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին:
Կոչ-նամակում ասվում է.
«Սիրիայի քաղաքացիական պատերազմի հենց սկզբից, Հալեպի հայկական համայնքը, գտնվելով կառավարական եւ ընդդիմության ուժերի ընդհարման գոտում, մինչեւ այսօր ծանր օրեր է ապրում՝ տալով տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, ինչպես նաեւ կրելով հսկայական վնասներ համայնքային եւ սեփական կառույցների: Վերջին շրջանում կացությունը վատթարացել է, քանի որ այդ շրջանում, կառավարության դեմ հակադրվող ուժերը, «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող ուժերն են:
Կասկածից վեր է, թե ծայրահեղական ընդդիմադիր այս ուժերը, զինված Թուրքիայի կողմից եւ մուտք գործած Թուրքիայից, իբրեւ իրենց հիմնական թիրախ ընտրել են հարձակումները անզեն ժողովրդին վրա, քաղաքների եւ գյուղերի մեջ:
Կարճ ժամանակ առաջ, մուտք գործելով Թուրքիայից, հարձակվեցին հայաբնակ Քեսաբի վրա, պատճառ դառնալով որ ամբողջ բնակչությունը տեղահանվի եւ ապաստան գտնի Լաթաքիայում: Վերջին օրերին նույն ուժերը, մուտք գործելով նորից Թուրքիայից, սկսել են անդադար հրթիռակոծել Հալեպի հայկական թաղամասերը եւ հատկապես Նոր Գյուղի շրջանը: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Նոր Գյուղի անդադար այս հրթիռակոծումը, ծայրահեղական ուժերի կողմից, վտանգի է ենթարկում բնակչության կյանքը մեծ վնասներ հասցնում հայկական եկեղեցիներին, դպրոցներին, ակումբներին, բնակարաններին եւ գործատուներին, որոնք ամբողջությամբ կամ մասամբ քանդված են: Դա պատճառ է դառնում, որ անզեն եւ խաղաղ բնակչությունը տեղահանվի եւ ապաստան գտնի Լաթաքիայում, ուր արդեն խճողված են Քեսաբի փախստականները:
Նկատի ունենալով ստեղծված կացությունը, Սիրիահայության Շտապ Օգնության եւ Վերականգման Մարմինը, Հալեպի հայկական թաղամաս Նոր Գյուղը հայտարարել է իբրեւ ԱՂԵՏԻ ԳՈՏԻ:
Ձերդ գերազանցություն,
Վերջերս, մարտի 21-ին «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող ուժերը, հարձակվեցին Քեսաբի վրա, որ գտնվում է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին՝ ստիպելով բնակչությանը լքել իրենց օջախները եւ ապաստան գտնել Լաթաքիա քաղաքում: Այսօր՝ ծայրահեղականները հարձակումներ են գործում Հալեպի հայաբնակ թաղամասերի եւ հատկապես Նոր Գյուղի վրա: Եթե Թուրքիան չի քաջալերում եւ նույնիսկ չի հրահրում այս հարձակումները, շատ դյուրությամբ կարող էր փակել իր սահմանները եւ արգելել ծայրահեղական այս խմբավորումների ազատ շրջագայությունը:
Եվրոպայի քաղաքացի մեր հայրենակիցների անունից եւս, կոչ ենք ուղղում Ձեզ, իբրեւ Եվրամիության Արտաքին հարաբերությունների ղեկավար, դիմելու պատշաճ քայլերի, ճնշելու համար այն երկրներին, որոնք քաջալերում են «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող այս խմբավորումներին, որպեսզի դադարեցնեն նրանց զենքի եւ գումարների հայթայթումը: Հատկապես Թուրքիային, որ զինում է եւ նույնիսկ հրահրելով արտոնում նրանց ազատ շրջագայությունը, հակառակ իր կեղծ վստահեցումների: Փաստերը ցայտուն են»:





























