Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող միջազգային կոնֆերանսի ընթացքում խախտել է էթիկայի կանոնները՝  ակտիվիստներից մեկին ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

Նշենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել էր վարույթ հարուցել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:

Ամբողջական եզրակացությունը կարդացեք այստեղ