Այն գործիչը, ով Արցախը Հայաստանի մաս չի համարում, իրավունք չունի բանակցություններ վարել Արցախի ճակատագրի շուրջ: Այս մասին հայտարարություն է ընդունվել հունիսի 5-ին, «Եվրասիական միություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ Արցախի համար» թեմայով կլոր սեղանի մասնակիցների կողմից:

Կլոր Սեղանը կազմակերպել էր Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որի ժամանակ քննարկվել է Եվրասիական միության ստեղծումը, դրան Հայաստանի միանալու ցանկությունը եւ Արցախի խնդիրը, ինչպես նաեւ օրեր առաջ ՀՀԿ երիտթեւի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարածը, թե «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով, Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Արցախը Հայաստանի անքակտելի մաս է: Սրա իրավական ամրագրումը պետք է տեղի ունենա ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչմամբ եւ ապա երկու պետությունների միավորման ձեւով: Հայաստանը չպետք է մաս կազմի որեւէ վերազգային կառույցի: Հայության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է: Արցախի լավագույն երաշխավորը ինքնիշխան, միացյալ Հայաստանն է»:

Կլոր սեղանի մասնակիցները կոչ են անում նաեւ Արցախի Ազգային ժողովին եւ նախագահին հստակ արտահայտել իրենց դիրքորոշումները Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:

Կլոր սեղանի մասնակիցները դիմում են ժողովրդին՝ բարձրացնելու հասարակական ինքնակազմակերպման աստիճանը, ուժեղացնելու ժողովրդի կողմից իշխանությունների հսկողությունը՝ նրանց ճակատագրական սխալներից հեռու պահելու նպատակով: