Երկարակյացների օրգանիզմը չի ենթարկվում տարիքային բնորոշ հիվանդությունների, ինչպիսիք են ուռուցքները կամ սրտի հիվանդությունները: Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ այդպիսի բացառիկ մարդիկ ավելի շատ մահանում են վարակներից, օրինակ՝ թոքաբորբից:
Ըստ վիճակագրության՝ 100-115 երկարակյացների 28%-ը մահացել է ծերությունից, հինգերորդ մասը՝ թոքաբորբից, 5%-ը՝ քաղցկեղից, 9%-ը՝ սրտի հիվանդություններից: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է մահվան 36 հազար դեպք, փոխանցում է Vesti.ru-ն:
Ըստ ուսումնասիրության հեղինակ Քեթրին Էվանսի՝ աշխատանքի եզրակացությունները առողջապահության եւ տարեց մարդկանց խնամքի կարեւորագույն մի շարք հարցեր են բարձրացրել:
Ըստ նրա՝ երկարակյացները գերզգայուն եւ խոցելի են թոքաբորբի նկատմամբ: Պետք է լավացնել տնային խնամքը, ինչպես նաեւ մարդկանց հնարավորություն տալ իրենց կյանքի վերջին ամիսներն անցկացնել իրենց ծանոթ միջավայրում:
Երկարակյացների քանակը տարեցտարի աճում է: Օրինակ, ներկայումս, Մեծ Բրիտանիայում 13 հազար երկարակյաց է ապրում, եւ սպասվում է, որ մինչեւ 2066 թ. նրանց քանակը կհասնի 500 հազարի:




























