Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթը կարծում է, որ Ռուսաստանին չի կարելի բացառել «Մեծ քսանյակի» երկրներից: Վարչապետը այսպիսի կարծիք է հայտնել Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Հարցին, թե կա՞ն արդյոք նախանշաններ, որոնցով կարելի է եզրակացնել, որ նախագահ Պուտինին չեն հրավիրի Բրիսբենում այս տարվա նոյեմբերի 17-ին կայանալիք G20 գագաթնաժողովին, Աբոթը պատասխանել է. «Քսանյակը» տնտեսական հանդիպում է, մինչդեռ G7-ի կամ G8-ի հանդիպումները անվտանգութան հետ կապված լրջագույն տարրերն են պարունակում: Անկասկած, Ուկրաինայում Ռուսաստանի վարքագծի շուրջ լուրջ անհանգստություններ կան, եւ ես կարող եմ հասկանալ, թե ինչու G7-ի առաջնորդները չեն ցանկանում հանդիպել նախագահ Պուտինի հետ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Սակայն երբ հարցը աշխարհի բարգավաճմանն է վերաբերվում, միջազգային ֆինանսների կառավարման, հարկային կանոնների ներդաշնակեցման մասին է, երբ փորձեր են ձեռնարկվում խթանել համաշխարհային տնտեսական աճը, ես կարծում եմ, որ Ռուսաստանի մասնակցությունը անհրաժեշտ է: Տվյալ պահին ես կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է լավ ու իրական մասնակից լինել նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովին», - հայտարարել է Ավստրալիայի վարչապետը:





























