Ատոմակայանը փակելը կործանարար է Հայաստանի համար, հունիսի 6-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ դա չի  կարելի թույլ տալ, եւ Հայաստանի ղեկավարությունը պետք է մշտապես միջոցներ որոնի ոչ միայն ԱԷԿ-ի արդիականացման, այլեւ նոր էներգաբլոկի կառուցման համար:

 Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն քանիցս հայտարարել էր ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին՝  փոխարենը 100 մլն եվրոյի դրամաշնորհ առաջարկելով: «Քանի դեռ գոյություն ունի հին ԱԷԿ-ը, մշտապես դրա փակելու վերաբերյալ խոսակցություններ կծնվեն:  Նոր ԱԷԿ-ի կառուցման միջոցների որոնումը պետք է երկրի գլխավոր խնդիրներից դառնա», - նշել է Պողոսյանը:

Հիշեցնենք, մայիսի 30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել է  300 մլն վարկի մասին՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու համար՝ մինչեւ 2026թ.: