Հայաստանի Կոմկուսը եւ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը միացյալ քաղաքական խորհրդատվական խորհուրդ են ստեղծել: Տեղեկությունը երկու կուսակցությունների ներկայացուցիչների հունիսի 6-ին կազմակերպված հավաքի ընթացքում Կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն է հայտնել:

Երկու քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մտահոգ լինելով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությամբ, գործազրկության աճող տեմպերով, շարունակական բնույթ կրող արտագաղթով եւ սոցիալական անարդարության խորացմամբ,

Ընդունելով Հայաստանի ազգային անվտանգության, տնտեսության զարգացման եւ սոցիալական բարեկեցության ապահովման գործում հայ ժողովրդի հանդեպ կոմունիստների ստանձնած պատասխանատվությունը,

Համարելով, որ սոցիալիստական գաղափարների հաղթանակի եւ հասարակության մեջ սոցիալական արդարության ու պաշտպանվածության համամարդկային նորմերի ամրապնդման համար միացյալ ճակատով պայքար մղելու անհրաժեշտություն է ծագել,

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կուսակցությունը, իրենց հասարական-քաղաքական գործունեությունը համակարգելու նպատակով, միասնական քաղաքական խորհրդատվական խորհուրդ են ստեղծել»: