«Samsung»-ը հետաքրքրված է հայկական արտադրության արեւային վահանակներով՝ իր լվացքի մեքենաների համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցին տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի հալոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն է նշել` հավելելով, որ ընկերության հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են:

Հունիսի 22-ին նրա ղեկավարությամբ գործող մասնագետների խումբը մտադիր է Աբովյան քաղաքի փոքր պոլիգոններից մեկում արեւային վահանակների փորձարարական կայան տեղադրել:  

«Ազգային անվտանգության շահերից ելնելով, հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում նոր ատոմակայան կառուցել: Բայց եթե Հայաստանի արեւային էներգիայի ողջ ներուժն օգտագործենք, մի քանի ատոմակայանների համար բավական կլինի», - ընդգծել է Վահան Համազասպյանը: Նրա խոսքով, արեւային էներգիայի ինքնարժեքը նոր տեխնոլոգիաների օգնությամբ կարելի է  մեկ կիլովատտ-ժամի դիմաց 0,3 դրամի հասցնել: Դա թե արդյունաբերությանը, եւ թե գյուղատնտեսությանը կարող է նշանակալի մրցունակություն հաղորդել: Մասնավորապես չորացրած մրգերի արտադրության պարագայում բոլոր ծախսերի 10 – 25% տոկոսը, կամ 1 կիլոգրամի մեջ 1 ԱՄՆ դոլարի բաժնեմասը էլեկտրականության եւ գազի ծախսերն են կազմում:  «Իսկ արեւային կայանն ընդամենը միանվագ ծախսեր է պահանջում: Կարծում եմ` մեր ֆերմերների համար, հաշվի առնելով ներկայիս պայմանները, խնայողոթյունը կրկնակի նշանակություն ունի», - ամփոփել է մասնագետը: