Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորները, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը իրենց աշխատակիցներին զգուշացրել են՝ «եթե կուտակայինի վերաբերյալ դիմումներ գրեք, ազատման դիմումն էլ կբերեք»: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սրբուհի Ղազարյանը:

«Մենք բազում նամակներ ենք ստացել: Հիմա մենք անուններ կհրապարակենք այն հաստատությունների, որոնց տնօրենները թույլ չեն տալիս դիմումներ գրել՝ ասելով, թե «ազատման դիմումն էլ գրեք»: Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, Երեւանի 65, 69, 66, 38, 172, 173, 31, 114 եւ բազմաթիվ այլ դպրոցներ,  Նորք Մարաշ բժշկական կենտրոն, որտեղից նամակ են գրել հետեւյալ տեքստով. «Ամեն մի բաժնից մի հոգի մտել է, ասել են՝ վերեւներից է հրամանը, պետությունն էլ շատ բան է արել կենտրոնի համար, տնօրենը պարտավոր է պահել հինգ տոկոսը»: Այսքանից հետո բոլոր գործատուներին ողջամտության կոչ պետք է անել, պետք է գիտակցել, որ 1937թ. հեռու անցյալում է, եւ խորհուրդ տալ գործատուներին ընթերցել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները»,- ասաց նա:

Սրբուհի Ղազարյանը նշեց նաեւ այն բարեխիղճ պետական հիմնարկները, որոնք ոչ միայն դիմումներ են ընդունում, այլեւ հենց իրենք են առաջարկում անպայման դիմում գրել:

«Բարեխիղճ է Վանաձորի թիվ 7 դպրոցը, Երեւանի 22 եւ 50 դպրոցները, Երեւանի պետական համալսարանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանը»,-ավելացրեց «Դեմ եմ» անդամը:

Նշենք, որ կուտակայինի մասին նոր օրինագծով, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, պետք է դիմումներ ներկայացնեն իրենց գործատուներին՝ պահումներ չանելու պահանջով: