Այս օրերին հայերին հուզող թիվ մեկ խնդիրը պետք է լինի Ադրբեջանի սահմանային ակտիվությունը, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, դիպուկահարների կրակոցները: NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով անդրադառնալով հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի սահմանին, հնչած կրակոցներին եւ հայկական կողմից զոհված պայմանագրային զինծառայողների դեպքին:
«Այս օրերին անլուրջ թեմաներով հարցադրումներ են հնչում, մեզ հուզող թիվ մեկ խնդիրը այս օրերին հենց պետք է լինի Ադրբեջանի սահմանային ակտիվությունը, դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, դիպուկահարների կրակոցները: Մեր խնդիրը պետք է այն լինի, որ Ադրբեջանը ժամանակակից հարձակողական տեխնիկա է ձեռք բերում: Մեր կարեւորագույն խնդիրը պետք է լինի բանակին լավ նայելը, ամեն ինչով օգնելը: Հրադադարի մեջ ենք, սակայն ռեալ վտանգ կա»,- ասաց նա:
Գեներալ Մանվելի խոսքով՝ երկու առկա տարաձայնությունները պետք է մի կողմ դնել եւ մտածել միայն սահմանի պաշտպանության մասին, թեկուզ զոհողությունների գնով բանակն ավելի մարտունակ դարձնել:
«Սահմանին կանգնած զինվորը պետք է վստահ լինի, որ իր ընտանիքը սոցիալական կամ իրավական այլ բնույթի խնդիրներ չունի, որպեսզի ինքն ամբողջությամբ նվիրվի սահմանի պահպանման գործին: Եթե մենք ֆինանսներ չունենք նոր տեխնիկա ձեռք բերելու համար, ուրեմն պետք է լավ մասնագետներ պատրաստենք: Իսկ տեխնիկան էլի եմ ասում, Ադրբեջանը սովորել ա, որ մեր հետ պիտի կիսվի, էդպես եղել ա Արցախյան պատերազմի ժամանակ: Եթե հիմա էլ հարկ լինի, պիտի կիսվի մեր տեխնիկայով»,- ավելացրեց ԵԿՄ նախագահը:
Նշենք, որ սահմանային միջադեպի հետեւանքով զոհվել են երկու պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























