Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանը դեռ «չի ծանոթացել» Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը, որի համաձայն ինքը` որպես բնապահպանության նախարար խախտել է էթիկայի կանոնները՝ բնապահպանին ասելով «չափդ ճանաչի, լակոտ»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին նախարարը:
«Ես դեռ չեմ ծանոթացել որոշմանը: Ժամանակին ես կատարվածի վերաբերյալ պարզաբանում տվել եմ, այլեւս չեմ պատրաստվում դա անել: Կծանոթանամ նյութին, հետո կարծիքս կհայտնեմ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ արդյոք Արամ Հարությունյանը պատրաստվում է բողոքարկել հանձնաժողովի կայացրած որոշումը՝ վերջինս չպատասխանեց:
Նշենք, որ Կոտայքի մարզպետը կարող է մեկ ամսյա ժամկետում դատարանում բողոքարկել որոշումը:
Հիշեցնենք, որ մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:





























