Ամերիկացի բլոգերները նոր միջոց են մտածել՝ իրենց օգտվողներին դրդելով ճանապարհորդել, ընդլայնել աշխարհայացքը եւ զբաղվել սպորտով: Համացանցում կենդանիներին պատկանող հասցեների հայտնվելն Ամերիկայում իսկական ուղղություն է դարձել: Պարզվում է, որ համացանցում իրենց կյանքի մասին տեղեկություն «հրապարակող» կենդանիներն այնքան հետաքրքիր են անցկացնում ժամանակը, որ ցանկանում ես հետեւել նրանց:
Այդպիսի հերոս բլոգերներից մեկն է աֆրիկական գաճաճ Բիդի ոզնին: Նա երկրպագուներ ունի, որոնք իրեն սեր են խոստովանում, նրա մասին գրում են լրատվամիջոցները, փոխանցում է NEWSru.com-ը:
Բիդին ներկայումս միակ ճանապարհորդ ոզնին է, ինչով էլ հայտնի է դարձել: Տերերի եւ «քրոջ»՝ Չարլի շան հետ, ոզնին ապրում է ԱՄՆ Օրեգոն նահանգում:
Ոզնին լուսանկարվում է տեսարժան վայրերում, իսկ բոլոր լուսանկարները հրապարակվում են Instagram-ի իր «անձնական» էջում, որը գրանցվել է 2013 թ. ապրիլի 29-ին: Ներկայումս Բիդիի էջի հետեւորդ է 400 000 մարդ:
Նրա Instagram-ում կան նաեւ ընտանեկան լուսանկարներ, պարզապես լավ նկարներ եւ տեսանյութեր, որոնցից մեկում ոզնին եփած ձու է ուտում եւ ժպտում:



































