Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ-ից ժամանած հաշմանդամային սպորտի զարգացման փորձագետների հետ: Հանդիպման մասնակցել են նաեւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության նախագահները:

Ողջունելով հյուրերին եւ համառոտ ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետի տեղակալը ընդգծել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքի համաձայն առանձնահատուկ կարեւորվում է մայրաքաղաքը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով առավել հարամարավետ եւ մատչելի դարձնելը:

«Հաշմանդամություն ունեցող անձիք Երեւանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են: Այդ մասին են նաեւ վկայում այս օրերին մայրաքաղաքում ընթացող թեքահարթակների կառուցման լայնածավալ աշխատանքները: Կարծում եմ, որ արդեն մեկ տարի անց արդյունքները իսկապես զգալի կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցող մեր համաքաղաքացիների, նաեւ հյուրերի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատանք է տարվում նաեւ տնտեսվարողների հետ՝ մուտքերը թեքահարթակներով ապահովելու ուղղությամբ: Իսկ նոր կառուցվող շինությունների մասով հստակ պահանջ է դրվել, որպեսզի բոլոր նախագծերում հաշվի առնվեն հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Այս ամենի հետ մեկտեղ մենք գտնում ենք, որ արվածը բավարար չէ եւ դեռ շատ անելիքներ կան: Վստահ եմ, որ այս հանդիպումն արդյունավետ կլինի եւ առաջիկայում մենք համատեղ կոնկրետ ծրագրեր կունենանք: Նաեւ կարեւորելով առողջ ապրելակերպի խթանումն ու սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մենք պատրաստ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել նման նախաձեռնություններին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ պատրաստակամության համար՝ հյուրերը հույս են հայտնել, որ ծրագիրն իսկապես իր դրական արդյունքները կտա եւ մեծապես կնպաստի հաշմանդամային սպորտի մասայականացմանը: Նրանք նաեւ նկատել են, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներն արդեն իսկ տեսանելի են, ինչի արդյունքում քաղաքը օր օրի դառնում է առավել հարմարավետ: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում առավել ընդլայնել համագործակցությունը եւ հանդես գալ նոր համատեղ ծրագրերով: