Համահայկական բնապահպանական ճակատը ներկայացնում է իր մոտեցումները կառավարության նոր պաշտոնյաների հետ համագործակցության վերաբերյալ:

«ՀՀ Կառավարության ղեկավարի եւ որոշ նախարարների վերջին փոփոխություններից հետո, հանրային, քաղաքական եւ լրագրողական որոշ շրջանակներում ակտիվացել են «նոր» պաշտոնյաների ու նրանց ղեկավարած պետական կառույցների հետ համագործակցության եզրեր գտնելու վերաբերյալ հարցադրումները։

Այս առումով անհրաժեշտ ենք համարում ներկայացնել Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության մոտեցումները․

• Հայաստանի նախկին կառավարությունը, ըստ էության, տապալել է բնապահպանական պետական քաղաքականության ոլորտը, ինչի հետեւանքով մեր երկիրը կանգնած է էկոլոգիական լուրջ մարտահրավերների առջեւ, որոնք կոսմետիկ փոփոխություններով հնարավոր չէ լուծել, այլ անհրաժեշտ է լուրջ քաղաքական կամք եւ գաղափարախոսության հստակ վերաիմաստավորում։

• Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական տարատեսակ խնդիրներ լուծվում են ոչ թե հիմնավորված գրավոր առաջարկների, պետական տարբեր օղակներում անցկացված քննարկումների արդյունքում, այլ միայն հանրային հստակ, հաճախ նաեւ կոշտ պահանջի ձեւակերպման դեպքում։

• Մենք վաղուց ներկայացրել ենք հանքարդյունաբերության ու փոքր ՀԷԿ-երի ոլորտներին վերաբերող հստակ ահազանգեր եւ առաջարկներ, որոնք ըստ էության մնացել են անպատասխան: Միայն դրանց ուղղությամբ պետական լիազոր մարմինների կողմից արվող գործնական քայլերն են կարող մեզ համար հիմք հանդիսանալ՝ մտածելու հետագա համագործակցության հնարավորությունների եւ ձեւաչափերի մասին»,-ասված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ: