Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ մարտական դիրքում, մահացած զինծառայող 20-ամյա Արման Ղուկասյանի գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ միակ վարկածը՝ «մտածել են՝ թուրք ա, խփել են»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմանի հորեղբայրը՝ Արագած Ղուկասյանը:
«Հետաքննությունը շարունակվում է: Ոչ մի նորմալ բան չեն ասում, սպայական կազմից էլ ասում են, թե իմացել են՝ թուրք ա, դրա համար են կրակել: Գիտենք նաեւ, որ երկու զինվոր ա ձերբակալված, չգիտենք՝ ճիշտ ա, թե սուտ»,- ասաց նա:
Մահացած զինվորի հարազատները դեպքից հետո երկու անգամ այցելել են մարտական դիրքեր, ինչպես նաեւ զրուցել են դեպքի ժամանակ վիրավորված 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանի հետ, որը հորեղբոր խոսքով՝ թաքցրել է ճշմարտությունը:
«Բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում: Որ գնացինք դիրքեր, տեսա, որ դիտակետից դեպի Արմանի պառկած տեղը՝ պատին, թարմ կրակածի հետք կա: Էդ սպային՝ Վարազդատին, հարցնում եմ՝ ինչ հետք ա, ասում ա՝ կարող ա խաղ են արել: Զարմացա, ասում եմ՝ տղա, որ դու չես կրակել իրա վրա, թարմ խփած տեղ ա, բա ո՞վ ա կրակել: Էլի ասում ա՝ խաղ ենք արել: Ոնց որ ձեռ առնեն»,- ավելացրեց Արագած Ղուկասյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այն առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մարտի 20-ին, մեկ ժամկետային զինծառայող էր մահացել, մեկ սպա էլ՝ վիրավորվել: Սպան՝ 26-ամյա Վարազդան Զաքարյանը, տեղափոխվել էր Ստեփանակերտի հոսպիտալ: Նա Արագածոտնի Սուսեր գյուղի բնակիչ է: Մահացած զինծառայողը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, որը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր:





























