Երեւանի քաղաքապետարանում անցկացվել է «Երեւանյան ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Շտաբային ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետն էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արթուր Եսայանը:
Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝
1. Ղեկավար կազմի մասնագիտական ունակությունների կատարելագործումը բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ.
2. Բարձրացնել բնակչության պաշտպանության միջոցառումներին ընդգրկված կառավարման մարմինների փոխհամագործակցության արդյունավետությունը.
3. Ստուգել արտակարգ իրավիճակներում Երեւան քաղաքի բնակչության պաշտպանության պլանի հավելված 4-ի՝ Ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի եւ փլուզման դեպքում բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Երեւան քաղաքի ԱԻ մշտական գործող եւ տարահանման հանձնաժողովները, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչությունը, վարչական շրջանների ղեկավարներն ու Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներե ՓԲԸ-ի ներկայացուցիչները: Շտաբային ուսումնավարժությանը մասնակից բոլոր պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների մասին: Շտաբային ուսումնավարժության ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ ուրսումնավարժանքի ընթացքի մասին մանրամասն զեկուցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ընդգծելով վարժանքի դրական կողմերն ու որոշակի բացթողումները՝ այն գնահատել է բավարար:





























