Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի սենատը միաձայն ընդունել է բանաձեւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեի վաստակավոր ծառայության պատվին, որը օգնել է փրկելու 132 հազար որբ երեխաների եւ Հայոց ցեղասպանությունից տուժածներին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Նախագծի բանաձեւի նախաձեռնողը Կալիֆորնիայի Սենատի ժամանակավոր ղեկավար Քեւին Դե Լեոնն էր: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Բանաձեւը, մասնավորապես, ընդունում է Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեի կարեւոր դերը եւ 1915թ. Հայոց ցեղասպանությանը Վուդրո Վիլսոնի եւ ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի հրամանով Միացյալ Նահանգների աննախադեպ արձագանքը, որոնք հաստատել են Կոնգրեսի կողմից առաջին լիազորված ամերիկյան բարեգործական կազմակերպությունը բացառապես հայ ժողովրդի եւ այլ քրիստոնեական փոքրամասնությունների փրկության համար: Բացի այդ բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի Ասամբլեայի գլխավոր քարտուղարին բանաձեւի պատճենները ուղարկել Ամերիկայի նախագահին եւ փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդին, ԱՄՆ-ի Սենատում փոքրամասնության ու մեծամասնության առաջնորդներին:
Հիշեցնենք, որ նմանատիպ բանաձեւ ապրիլին միաձայն ընդունել է նաեւ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Օրենսդրական ժողովը:





























