«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի  անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի շրջանակներում ս.թ. հունիսի 3-6-ը Երեւանում անցկացվեց «Համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (ՍԳԸ) մշակում պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի (ՊՍԱԿ) համար» թեմայով ազգային աշխատաժողով:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել ցամաքային ՊՍԱԿ-ների համար համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (ՍԳԸ) մշակման եւ կիրառման ոլորտռում ԵՄ առաջավոր փորձը եւ օժանդակել ՀՀ համապատասխան շահառու գերատեսչություններին ՊՍԱԿ-ի մակարդակով համատեղ ՍԳԸ-ների նախագծի մշակման հարցում:    

Աշխատաժողովը վարեցին Լատվիայի պետական սահմանապահ ծառայության վարչական խորհրդի նախագահ Վլադիմիրս Զագուզովսը, մաքսային հարցերով անկախ փորձագետ Ուգիս Լիեպան (Լատվիա) եւ Լատվիայի սննդի անվտանգության ծառայության փորձագետ Իվետա Շիցե-Տրեդեն, որոնք ներկայացրին ՍԳԸ-ների մշակման վերաբերյալ ԵՄ արդյունավետ փորձը:

ՀՀ-ում ՄԱԶԾ գրասենակի սահմանների համալիր կառավարման (ՍՀԿ) ծրագրերի ղեկավար Գրիգորի Մալինցյանը ողջույնի խոսքով դիմեց աշխատաժողովի մասնակիցներին, ովքեր ներկայացնում էին ՀՀ պետական սահմանի կառավարման ոլորտի բոլոր մարմինները: «Համատեղ ստանդարտ գործառնական ընթացակարգերի ներդնումը զգալի առաջընթաց կհանդիսանա ՍՀԿ նպատակների իրագործման եւ միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման ճանապարհին: Ինչպես, հավանական է, տեղյակ եք, ՀՀ նախագահի կողմից վերջերս ստորագրվեց պետական սահմանի անցման կետերում «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի ներդրման հայեցակարգը հաստատող կարգադրություն, եւ ՍԳԸ-ները էական նշանակություն ունեն այդ սկզբունքի արդյունավետ իրագործման համար, քանի որ դրանց միջոցով է հենց ապահովվում սահմանահատման ընթացակարգերի միասնականացումն ու պարզեցումը ինչպես տնտեսվարողների, այնպես էլ սովորական քաղաքացիների համար»:

Ակնկալվում է, որ ազգային աշխատաժողովի ավարտին կմշակվի «Բագրատաշեն» ՊՍԱԿ-ի համար ստանդարտ գործառնական ընթացակարգերի նախագիծը՝ ՊՍԱԿ-ում ներկայացված բոլոր գերատեսչությունների կողմից համատեղ կիրառման համար:  

«Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» եւ «Սադախլո» պետական սահմանի  անցման կետերին եւ դրանց կարողությունների զարգացում» ծրագիրը իրականացվում է 2013թ. դեկտեմբերից` Եվրամիության, Հայաստանի եւ Վրաստանի հանրապետությունների կառավարությունների ֆինանսական աջակցությամբ: ԵՄ ֆինանսավորումը ծրագրին կազմում է 3,582,500 եվրո: