Արաբկիր եւ Քաբանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 6-ին, դատական նիստին հրապարակված պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային զանգերի վերծանումը, ըստ ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանի, անօրինական է, քանի որ այն վերծանվել էր ոչ թե փորձագետի, այլ քննիչի կողմից։

«Քննիչն իրեն փորձագետի տեղ է դրել եւ, ըստ էության, վերծանում է իրականացրել։ Ես գտնում եմ, որ այս սկավառակը չի կարող համարվել ապացույց, ուստի միջնորդում եմ այն ճանաչել անթույլատրելի՝ ելնելով ՔՕ 106 հոդվածից»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը։

Նրա խոսքով՝ քննիչը միայն պետք է արձանագրեր, որ առկա է այդպիսի սկավառակ, սակայն նա իրավունք չուներ կատարել բովանդակային արձանագրություն։

Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ  միջնորդությունը ենթակա է մերժման։ Դատավորը մերժեց միջնորդությունը եւ մեղադրողին խնդրեց կարդալ հեռախոսային ձայնագրությունները։

Մինչեւ հեռախոսազրույցները հրապարակելը փաստաբան Արա Զաքարյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը հրապարակի այն հիմքերը, որից ելնելով իրականացրել են գաղտնալսումները։

«Պաշտպանական կողմը մինչեւ հիմա այդ հիմքերը չի ստացել եւ չի կարող ասել, թե դրանք օրինական են, թե ոչ։ Իսկ դատարանն արդեն այդ որոշումն օրինական է համարում»,-ասաց Արա Զաքարյանը, որի այս միջնորդությունը նույնպես մերժվեց։

Փաստաբանը վրդովվեց՝ ասելով, որ ինքը դատավարության ընթացքը թողնում է դատավորի հայեցողությանը, քանի որ իր ասածները  ամբողջությամբ մերժվում են։

Մի քանի հեռախոսազրույց կարդալուց հետո, մեղադրողին ընդհատեցին դահլիճում գտնվող ազատամարտիկները։ Նրանք պահանջում էին, որ հրապարակեն հեռախոսազանգերի ձայնագրությունը, քանի որ իրենք չեն հավատում այդ արձանագրությանը։

«Դատարանը, ցավոք սրտի, ամեն ինչ անում է, որ մեղադրական եզրակացությունը  մեղադրական դատավճռի վերածվի, այլ ոչ թե բացահայտվի ճշմարտությունը։ Մենք չունենք բավարար չափով անկախ եւ անկողմնակալ դատական համակարգ, եւ սրա վառ ապացույցն է այսօրվա տեղի ունեցածը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը։

Նրա խոսքով՝ դատավորի կողմից դահլիճում առաջացած դժգոհությունները կանխելու համար կտրուկ միջոցներ չձեռնարկելը պայմանավորված է նրանով, որ դատավորի մոտ եւս ներքին համոզմունք կա, որ այն ամենը, ինչ-որ անում  է, հարկադրված է անում եւ չի բխում արդարության շահերից։

Դատական նիստը երկու անգամ ընդմիջվեց ազատամարտիկների բարձրացրած աղմուկի պատճառով։ Ի վերջո դատավորը հետաձգեց նիստը մինչեւ հունիսի 13-ը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրի Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստապետի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։