Հարկավոր է անհապաղ վերջ տալ գործողությանն Ուկրաինայի հարավ-արեւելքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», ֆրանսիական Դովիլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հավելել է, որ Պորոշենկոն այս առթիվ ծրագիր ունի. թե ինչ ծրագիր՝ ավելի լավ է նրան հարցնել: «Նա երկու խոսքով նշեց այդ մասին, սակայն մի այլ բան է խոսել այդ մասին այստեղ՝ Ֆրանսիայում, մեկ այլ բան է սեփական երկրում»,- հայտարարել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման կողմերը պետք է լինեն երկրի իշխանություններն ու դաշնայնացման կողմնակիցները:

Նկատենք, որ իրականում Պուտինը նշել է «պատժիչ գործողություն», սակայն ուկրաինական պարբերականը որոշել է չնկատել: «Հարկավոր է Ուկրաինայում անհապաղ վերջ տալ պատժիչ գործողությանը: Արեւելքում ոչ ոք հստակ ոչինչ չի հայտնել, թե նրանց ինչ է սպասում»,- ՌԲԿ-ն հաղորդում է Պուտինի խոսքերը:

Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան», Պորոշենկոն հայտարարել է, որ կողմերը համաձայնել են Ուկրաինայի ռուս ներկայացուցչի ժամանման շուրջ, ում հետ կքննարկեն իրավիճակի կարգավորման քայլերը:

«Առայժմ նախապես տեսնում ենք, որ ծրագիրը կարող է իրականացման լավ հնարավորություններ ունենալ»,- նշել է Պորոշենկոն: Հանդիպումը լարված էր, սակայն բանակցությունները մեկնարկը լավ ազդանշան է, հավելել է նա: