Ռուսաստանում Իսրայելի դեսպան Աննա Ազարին հայտարարել է, թե «Ազատության նավատորմը» սպառազինած թուրքական կազմակերպությունը սերտ կապեր ունի ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հետ:

«Մենք տեղյակ ենք այդ կազմակերպությունից: Այն վաղուց կապված է ՀԱՄԱՍ-ի հետ եւ օգնում է նրան գումարներով»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ դիվանագետը խոստովանել է, որ միջադեպը հանգեցնելու է իսրայելա-թուրքական հարաբերությունների վատթարացմանը:

«Այն, ինչ կատարվեց ծովում, կազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»,- ասել է Ա. Ազարին:

Նա ընդգծել է նաեւ, որ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը երկու օրվա հարց չէ, այն շարունակվում է վերջին մեկ-մեկուկես տարին:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: Թուրքիան նաեւ ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին Օղուզ Չելիքքոլին: