Հայաստանի տնտեսությունը հիմնականում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գործող նոր կառավարությունից է կախված լինելու։ Տեսակետը հունիսի 7-ին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միայել Մելքումյանն է հնչեցրել։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2013թ. Հայաստանի տնտեսական աճը նկատելիորեն դանդաղել է։ Նախատեսված 6,2 տոկոսի փոխարեն այն 3,5 տոկոս է կազմել, քանի որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների՝ հուլիս ամսին գրանցված աճը բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական ակտիվության վրա։ Այսպես, եթե հուվար-ապրիլ ամիսներին ակտիվության ցուցանիշը 7,4 տոկոս էր կազմում, հուվար-օգոստոս ժամանակահատվածի համար այն 3,9-ի էր հասել, իսկ արդեն տարեկան կտրվածքով՝ 3,5 տոկոս։
Տնտեսական աճի դանդաղ տեմպը նաեւ 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում է պահպանվել՝ 3,3 տոկոս։ Ընդ որում, արդյունաբերությունը 2,8 տոկոսի չափով անկում է գրանցել։ 5,2 տոկոսով աճել են գյուղատնտեսական արտադրանքի ծավալները, 4,5 տոկոսով՝ ծառայությունները եւ 0,7 տոկոսով՝ շինարարությունը, այն էլ՝ հիմնականում 2013թ. ցածր բազայի հաշվին, հավելել է պատգամավորը։
«Պետությունը փորձում է իրադրությունը «ստվերի» կրճատման հաշվին շտկել։ Միջոցը ճիշտ է ընտրված, բայց համակարգային մոտեցում եւ վճռական որոշումներ կայացնելու պատրաստակամություն է հարկավոր։ Կիսատ քայլերով բավարարվելու դեպքում անկման տենդենցը կշարունակվի», - ամփոփել է Միքայել Մելքումյանը։





























