Կենսաբան Մադալենա Բեարզին դելֆինների կողմից ինքնասպանության փորձի կանխման զարմանալի դեպք է նկարագրել։ Նա համոզիչ փաստարկներ է բերել առ այն, որ հիշյալ կենդանիներն ի վիճակի են ոչ միայն ծովում խեղդվողին փրկել, այն նաեւ՝ նրանց ներկայությունը զգալ։ Իր «Dolphin Confidential: Confessions of a Field Biologist» գրքում գիտնականը, ով նաեւ օվկիանոսի պաշտպանության համայնք է ղեկավարում, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի ջրային ավազանում տեղի ունեցած մի զարմանահրաշ դեպքի մասին է պատմել։
Մադալենա Բեարզին գործընկերների հետ աֆալին տեսակի դելֆիններին կերակրելիս է եղել, երբ վերջիններս հանկարծակի շրջվել են եւ դեպի օվկիանոսի խորքերը լող տվել։ Ինտրիգը գիտնականներին ստիպել է հետապնդել նրանց՝ պարզելու համար վարքագծի կտրուկ փոփոխության պատճառը։ Ի վերջո դելֆինները ջրի մեջ լողացող ինչ-որ բան են օղակի մեջ առել։
«Մի քանի րոպեից պարզ դարձավ, որ այդ «ինչ-որ բանը» մարդ է։ Մեզ տեսնելով, նա օգնության հազիվ նկատելի նշան արեց՝ ձեռքը վեր բարձրացնելով», - գրում է կենսաբանը։
Ավելի ուշ առաջին օգնություն ցույց տված բժիշկները պարզել են, որ դելֆինների շնորհիվ փրկված 18-ամյա աղջիկը հիպերտոնիայով է տառապում։ Նա արձակուրդ անցկացնելու նպատակով էր Քալիֆորնիա եկել, բայց հանգստանալու փոխարեն, անհայտ պատճառներով, որոշել է ինքնասպանություն գործել։ Այդ մասին նրա թողած գրությունն է վկայում։
«Դելֆինները օղակ էին կազմել՝ աղջկա տեղադրությունը ցույց տալու համար։ Հետաքրքիր է՝ եթե այնտեղ չլինեինք, այդ դեպքո՞ւմ ինչ էին անելու», - մտորում է հեղինակը։
Պատմությունն վերջում նշվում է, որ աղջիկը լիովին վերականգնվել է սառը ջրում երկար մնալու հետեւանքներից։





























