Չի կարելի մեղադրել որեւէ մեկին` չիմանալով բոլոր փաստերը, հունիսի 7-ին լրագրողներին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Նշենք, որ վերջերս երկարացվել է «Արմյանսկի ուրոժայ» ընկերության ներկրած սարքավորումների ԱԱՀ-ի վճարման ժամկետը, որը համարում են ՀՀ նախագահի խորհրդական Արամ Ղարիբյանի սեփականությունը:
2009թ.-ից մինչեւ 2013 թ. վերջը 3 տարով ԱԱՀ-ն երկարացնելու մասին որոշումները (ներմուծված սարքավորման ավելի քան 300 միլիոն դրամ ԱԱՀ) քննարկել եւ կայացրել է կառավարությունը: 2014 թ. այդ շեմն իջեցվել է մինչեւ 200 միլիոն դրամ (485 հազար դոլար) եւ դարձել ավտոմատ: «Այժմ արդեն 200 միլիոն դոլարի սարքավորում եւ հումք ներկրող ցանկացած ընկերություն ազատվում է ԱԱՀ-ից` երեք տարով: Այսինքն` «Արմյանսկի ուրոժայ»-ն ազատվել է ընդհանուր հիմունքներով` առանց արտոնությունների», - հայտարարել է Մելքումյանը:
Ըստ պատգամավորի` ինքը տեղեկություն չունի, որ Ղարիբյանը զբաղվում է այդ ընկերության կառավարմամբ: «Օրենքով արգելված է ձեռնարկություն կառավարել, իսկ բաժնետոմսեր կարելի է ունենալ, եթե դրանք չեք կառավարում», - պարզաբանել է Մելքումյանը:
«Արմյանսկի ուրոժայ» ընկերությունը պատրաստվում է Կոտայքի մարզում ջերմոցային տնտեսություն կառուցել եւ բերքն արտահանել Ռուսաստան, Վրաստան, Բելառուս եւ Ղազախստան:




























