Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր՝ հունիսի 7-ին ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ եւ երախտագիտություն հայտնել ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ նրանց սերտ համագործակցության համար: Ա. Հարությունյանը կարեւորել է պարբերական շփումները երկու հանձնաժողովների միջեւ՝ աշխատանքների արդյունավետ համակարգման եւ մասնագիտական վերապատրաստման համատեքստում:
Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից եւ հետագա միտումներից: Նա նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում:
Ռ. Նազարյանը, ընդգծելով երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության բարձր մակարդակը, շեշտադրել է դրա խորացման ուղղությամբ առկա իրենց պատրաստակամությունը:
Վերջում վարչապետ Արա Հարությունյանը հյուրերին է ներկայացրել «Արցախֆոն»-ի առաջին նմուշը, որն իրեն է նվիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Արցախում այդ հեռախոսի արտադրությունը սկսելու ուղղությամբ:




























