Աշխարհի առաջատար բուհերում սովորող ուսանողներին աջակցելու ծրագիրը շրջանառության մեջ դրեց ծրագրի հեղինակ ֆիզիկոս Արթուր Իշխանյանը: Ծրագրի բաղադրիչներից մեկն էլ «Լույս» հիմնադրամն էր, որը ստեղծեցին Սերժ եւ Տիգրան Սարգսյանները: Սկզբում ամեն ինչ կարծես թե խաղաղ ընթանում էր, հիմնադրամի տնօրեն ընտրվեց ֆրանսահայ Ժակլին Կարաասլանյանը: Սակայն կարճ ժամանակ անց Արթուր Իշխանյանի եւ հիմնադրամի ներկայացուցիչների միջեւ սկիզբ առան տարաձայնություններ: Իսկ վերջերս այն իր գագաթնակետին հասավ, երբ «Լույս» հիմնադրամը տարածեց հայտարարություն, որտեղ նշված էր, թե Արթուր Իշխանյանն ու իր որդին` Հայկ Իշխանյանը, խոչընդոտում են հիմնադրամի աշխատանքները: Իսկ օրերս կայքերից մեկում տված հարցազրույցում հիմնադրամի տնօրեն Ժակլին Կարասլանյանը մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող Հայկ Իշխանյանը մտել իրենց գրասենյակ, փորձել խոչընդոտել իրենց աշխատանքը եւ սպառնացել վերջինիս: Նշվում է, նաեւ թե Արթուր Իշխանյանը ինքնահռչակ հեղինակ է եւ զբաղված է հիմնադրամի սեւ PR-ով: Ահա այս տարաձայնությունների ու հատկապես վերջին հայտարարության վերաբերյալ զրուցեցինք Արթուր Իշխանյանի հետ:
Պարոն Իշխանյան, ինչից սկսվեցին Ձեր եւ «Լույս» հիմնադրամի միջեւ տարաձայնությունները:
Ես միանգամից ասեմ, որ իմ եւ «Լույս» հիմնադրամի միջեւ ես չեմ տեսնում տարաձայնություններ, ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է: «Լույս» հիմնադրամը հանդիսանում է իմ հեղինակած` աշխարհի առաջատար բուհերում սովորող ուսանողներին աջակցելու ծրագրի բաղադրիչներից մեկը: Այդ ծրագրում նշեմ, որ կան մի քանի բաղադրիչներ: Բաղադրիչներից մեկը, անշուշտ, Հայաստանի Հանրապետության կառավարության հայեցակարգն է, երկրորդ` «Լույս» հիմնադրամը` ֆինանսավորման մեխանիզմ, եւ երրորդը, առավել օժտված երեխաների հայտնաբերման հանգամանքը…Մի խոսքով, շատ այսպիսի բաղադրիչներ:
Դուք նշեցիք Ձեր ծրագրի հեղինակ լինելը, բայց մյուս կողմից Ձեզ ասում են ինքնահռչակ հեղինակ: Հիմա դուք առաջատար բուհերում սովորող ուսանողներին աջակցելու ծրագրի հեղինակն եք, թե ոչ:
Եթե կան նման միտումներ, ապա դա իրենց խնդիրն է եւ արժե հարցնել իրենց: Ես հստակ ասում եմ, որ բազմաթիվ փաստաթղթերում, հանրապետության հարյուրավոր հայտնի մարդիկ, ղեկավարներ, թերթերի խմբագիրներ, բուհերի դեկաններ, պրոֆեսորներ եւ այլ ներկայացուցիչներ այդ մասին փաստել են: Իսկ եթե իրենք խնդիր ունեն, ապա…խնդրեմ:
Պարոն Իշխանյան, իսկ Ձեր որդու վերաբերյալ «Լույսի» տարածած վերջին հայտարարությանը ինչպես եք վերաբերվում:
Ուրեմն ես ներկայացնեմ Հայկ Իշխանյանին: Հայկ Իշխանյանը 18-ը նոր բոլորած Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող, բացարձակ գերազանցիկ ուսանող է, որը առ այսօր բոլոր քննությունները հանձնել է միայն գերազանց գնահատականներով: Շատ ավելի կարեւոր է այն, որ նա լինելով իր կուրսեցիներից տարիքով փոքր, նրա աշխատանքերը տպագրված են ֆիզիկայի ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերում… Բացի այս, Հայկը հանդես է եկել «Լույս» հիմնադրամի լայն տարածմամբ եւ հանդիսանում է ծրագրի տարբեր բաղադրիչների ակտիվ մասնակից: Հայկ Իշխանյանը «Լույսի» գրասենյակ է եկել է տասը րոպեով` որոշ հարցեր քննարկելու համար, եկել է վարդերով, շնորհավորել է: Եւ չլսել այդ երիտասարդին ու պարզապես դուրս հանել, ես չեմ համարում, որ դա մանկավարժական քայլ է:
Կան կարծիքներ, որ դուք «Լույսին» պարբերաբար քննադատում եք ու խոչընդոտում աշխատանքները այն պատճառով, որ Ձեզ չնշանակեցին հիմնադրամի տնօրեն:
Դուք կարո՞ղ եք գտնել որեւէ ապացույց, որ ես քննադատել եմ, ես միշտ էլ ողջունել եմ: Ես ողջունում եմ «Լույսի» տնօրինությանը, ես պարզապես տեսնում եմ որոշ մասնագիտական ակնհայտ թերացումներ, որոնք ժամանակի ընթացքում դեռ կշտկվեն: Եւ կարծում եմ, որ «Լույսի» ուղին բոլոր դեպքերում հանդուրժողական է, կառուցողական է: Տնօրինությունը, կարծում եմ` ժամանակի ընթացքում ձեռք կբերի փորձ: Ծրագրի կարեւորությունն այն է, որ այս ուսանողները բացառիկ ուսանողներ են: Ձեր կայքի միջոցով ուզում եմ փոխանցել հետեւյալը, որ ես ջերմագին շնորհավորում եմ «Լույսի» բոլոր կրթաթոշակառուններին, այն ընտանիքներին, որտեղ այդ երիտասարդները մեծացել են:
Կայքերից մեկում տված հարցազրուցում տիկին Ժակլինը ձեզ մեղադրում է իրեն քարտուղարուհու տեղ դնելու համար: Նրա խոսքով Դուք տարածել եք հիմնադրամի հասցեն եւ նա հազարավոր նամակներ է ստացել, որոնց չի հասցրել պատասխանել:
Ես լրատվամիջոցների միջոցով հանրությանը ներկայացրել եմ, որ կայքէջը գործում է, եւ դիմումներն ընդունվում են: Ինչո՞ւ, ինֆորմացիայի տարածումը համարվում է բացասական երեւո՞ւյթ: Ծրագրի լավ գործունեության երաշխիքը իրազեկվածությունը չէ: Սովորաբար նման ծրագրերի դեպքում հրահանգ է լինում լայնորեն տարածել ինֆորմացիան, հանրությանը տեղեկացնել այդ մասին: Այդ ինչպես կարող էր պատահել, որ մայիսի 18-ից սկսած մինչեւ մայիսի 31-ը սահմանվեց հայտերի ընդունման վերջնաժամկետ եւ որեւէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չարվեց, եւ որեւէ մեկը չտեղեկացվեց այդ մասին, որ հայտերը ընդունվում են: Ես ընդամենը տեղեկացրել եմ հանրությանը, որ այսպիսի ծրագիր է գործում: Ես ասել եմ, որ պարզապես երջանիկ եմ, որ այն իրականացվել է: Ավելին` ասեմ նաեւ, երբ կայքէջը բացվեց մայիսի 18-ին, դա իմ ծննդյան օրն էր: Ես շատ ուրախ էի եւ իմ ուրախությունը արտահայտել եմ «Արմակադ» կայքէջում: Ես ընդամենը ծանուցում եմ, որ կա, կայքէջն արդեն գործում է:
Ձեր կարծիքով հեռանկարային է «Լույս» հիմնադրամը:
Ես կարծում եմ, որ «Լույսին», բոլոր դեպքերում, սպասվում է փայլուն ապագա: Բոլոր դեպքերում «Լույսին» անհրաժեշտ է ցուցաբերել մի քիչ մանկավարժական հանդուրժողականություն, մոտեցում, մասնագիտական աճ, եւ ինչու ոչ, նաեւ տակտ:
Իսկ Դուք հիմա ո՞վ եք այդ ծրագրում, շարունակելո՞ւ եք աշխատել ծրագրի զարգացման ուղղությամբ կամ, ասենք, համագործակցել հիմնադրամի հետ:
«Լույսը» այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է, ես երբեք չեմ աշխատել իրենց հետ: Սակայն որպես հեղինակ, իհարկե, աշխատելու եմ ծրագրի զարգացման ուղղությամբ:
Հ.Գ- Արթուր Իշխանյանը հարցազրույցն ավարտեց Ռուզվելտի կնոջ` Էլիանոր Ռուզվելտի, հետեւյալ մտքով. «Մեծ ուղեղները քննարկում են գաղափարներ, միջինները քննարկում են իրադարձություններ, իսկ փոքրերը` մարդկանց»:
Գայանե Գրիգորյան



















