Արարատի մարզի Մխչյան գյուղում, որտեղ մարտի 30-ի ցրտահարությունից տուժել էին ծիրանի ծառերը, գյուղացիները «ծիծաղելի եւ ամոթալի» են համարում պետությունից օգնություն ստացած 450 գրամ պոմիդորի, վարունգի, ձմերուկի սերմերը:
«Կանչեցին, 5 հատ ձմերուկի կորիզ տվեցին: Ասի՝ տանեմ, տնկեմ ծառների տա՞կ. էս ի՞նչ եք անում, ամոթ չի՞: Ձեռ են առնո՞ւմ. բաժանեցին, գումարեցին՝ ձմերուկի կորիզ քյար մնաց մեզ: Փոխանակ մի քիչ գումար տային, կորիզով սահմանափակվել են: Մենք ստորագրեցինք, բայց կորիզը չվերցրինք։ Որ կանչեցին, ասեցին՝ ես էնքան վատ զգացի ինձ. գիտեի՝ նորմալ բան են տալիս»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մխչյան գյուղի բնակիչ Համբարձում Կրպեյանը` նշելով, ինքն էլ, իր համագյուղացիներն էլ սերմերը չեն օգտագործել:
Բացի այդ, Համբարձում Կրպեյանի խոսքով, մասնակիորեն փոխհատուցվել է ջրի վարձը, եւ ամբողջությամբ՝ հողի հարկը, սակայն գյուղացիների խնդիրը դրանով չի լուծվել. արդեն ժամանակն է, որ վճարեն ծառերը մշակելու համար վերցրած գյուղատնտեսական վարկերը, սակայն ծառերի վրա բերք չկա:
«Էդքանի մեջ մի հատիկ ծիրան ենք ճարել, ուրախանում ենք դրանով: Ամեն առավոտ ման եմ գալիս կողքերը, պաչում եմ, մինչև մեծանա»,- ասաց Համբարձում Կրպեյանը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ի գիշերը ցրտահարության պատճառով Արարատի եւ Արմավիրի մարզերում գրեթե 90 տոկոսով վնասվել էին կորիզավոր մրգերի ծաղկած ծառերը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել թույլատրել ՀՀ գյուղնախարարին՝ ցրատահարությունից տուժած մարզերում ցրտահարության վնասների հետևանքները մեղմելու համար ձեռք բերել բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ և դրանք տրամադրել մարզպետարաններին: Սերմացուները ձեռքբերելու համար տրամադրվել էր մինչև 85 մլն դրամ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարից:




























