Երեկ Ջավախքի Սաթխա գյուղի բնակիչները նշել են 1918 թվականին թուրքական զորքերի դեմ տարած հաղթանակի օրը: 1917 թվականի դեկտեմբերի 27-ին Ախալցխայի գավառի թուրքերը բեկերի գլխավորությամբ հարձակվել են Ախալցխայի վրա, իսկ 1918 թվականի հունիսի 1-ին հայերը Սաթխա գյուղում մղում են իրենց վերջին պատերազմը եւ թուրքերին վերջնականապես դուրս մղում Ախալցխայից:
Ծնունդով սաթխացի, պատմական գիտությունների թեկնածու Արտյուշա Սանոսյանն ասաց, որ հունիսի 1-ը սաթխացիները շատ են կարեւորում.
«Այստեղ Սաթխայում մենք առանձնահատուկ ենք նշում այս օրը, որովհետեւ ոչ միայն խուժանն էր հարձակվում, այլ նաեւ թուրքական 5-րդ դիվիզիան փորձեց Թբիլիսի գնալ Քարախաչի վրայով, սակայն Անդրանիկ Զորավարը կասեցրեց նրանց»:
Գյուղի բնակիչները այս օրը տոնում են ամեն տարի՝ սկսած 2003 թվականից: Օրվա առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Երեկ գյուղի երիտասարդ տղաները ձիարշավ էին կազմակերպել, իսկ գյուղամեջում տոնական համերգ էր Երեւանի պետական կոնսերվատորիայի սաների եւ Սաթխայի երգի համույթի մասնակցությամբ:
«Այս միջոցառումներով ուզում ենք բարձր պահել մեր երիտասարդության ոգին»,-ասաց սաթխացի, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Սանոսյանը, ում նախաձեռնությամբ էլ հունիսի 1-ը մտել է սաթխացիների տոնացույցի մեջ:




























