Այս օրերին կնքվում է քաղաքամայր Երեւանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի` Աֆրիկյանների ակումբի մահկանացուն: Այդ մասին ասվում է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:
«Մոտ 130 տարվա պատմություն ունեցող շենքը բանտարկված է «Ավելի բարեկարգ Երեւան» խոստացող պաստառներով, մինչդեռ արդեն փլուզվել են շենքի ետնամասը, տանիքը եւ պատշգամբը, անհետացել են դիմային ճակատը զարդարող մետաղական ճաղերը:
Սակայն դեռ կանգուն է Աֆրիկյանների ակումբի գլխավոր ճակատը` յուրահատուկ եւ բազմազան զարդաքանդակներով: Քարերը համարակալված են եւ ենթակա տեղափոխման, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ տեղափոխված հուշարձանները չեն վերակառուցվում, եւ հանրությանը անհայտ է մնում դրանց ճակատագիրը:
Մենք շարունակ հպարտանում ենք մեր քաղաքի հարուստ անցյալով եւ այն վավերագրող հուշարձանների թվացյալ առկայությամբ, մենք մեր քաղաքն անվանում ենք «Հռոմից էլ հին թանգարան բաց երկնքի տակ», մինչդեռ նույն բաց երկնքի տակ այսօր ոտնահարվում եւ ոչնչացվում է մեր պատմությունը:
Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած ապօրինի քանդման աշխատանքները: Ավելին, պատկան մարմինները պարտավոր են արգելել նույն տեղում նախատեսվող հյուրանոցի կառուցումն ու վերականգնել ճարտարապետական ողջ կառույցը:
Ցանկության, պատրաստակամության եւ անհրաժեշտ գիտելիքների առկայության դեպքում, մասնավոր կազմակերպությունները եւ նրանց շահերն ամեն կերպ պաշտպանող քաղաքապետարանը կարող են իրենց բիզնես ծրագրերն իրականացնել` օգտագործելով նման արժեքավոր հուշարձաններն ու դրանով նոր շունչ հաղորդելով վերջիններիս:
Մեր պահանջը նպատակ ունի ոչ միայն վերականգնել քաղաքի աղճատված պատմական դիմագիծը, այլ նաեւ պաշտպանել Տերյան 11 հասցեի բնակիչներին, ովքեր անօրինաբար վտարվում են իրենց բնակարաններից: Այսպիսի նախադեպեր մենք նախկինում եւս տեսել ենք Երեւանի հին կենտրոնի տարբեր հատվածներում:
Բնակիչների բողոքը շարունակաբար մնացել է անպատասխան, հուշարձանները կորսվել են եւ փոխարինվել քաղաքի ճարտարապետական տեսքին անհամապատասխան եւ անճաշակ նորակառույցներով:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին ոտքի կանգնել եւ փրկել Երեւանի պատմության վերջին բեկորները: Աֆրիկյանների ակումբի շենքը դեռ հնարավոր է պահպանել, եւ դա կարող է դառնալ նախադեպ նույն ճակատագրին ենթակա այլ նմանատիպ կառույցների համար:
Պետք է այսօր վերջ դնել մեր քաղաքի անցյալն ու ապագան վտանգող կամայականություններին: Այս խնդիրը միայն մեկ ճարտարապետական հուշարձանի մասին չէ, այն մեր՝ իրավագիտակից հանրության սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու եւ տնօրինելու իրավունքի մասին է:
Կոչ ենք անում զգոն լինել եւ պատրաստակամ՝ միանալու Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության շարժմանը: Մենք հետեւում ենք քանդման նախապատրաստական աշխատանքներին եւ սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկացնում նորանոր զարգացումների մասին:
Միացե՛ք մեր խմբին, տեղյակ եղեք եւ մասնակցեք: Միասին մենք կարող ենք ապրեցնել մեր քաղաքը»,- ասվում է հայտարարության մեջ:





























