Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում հրթիռակոծության հետեւանքով կրկին հայ է զոհվել: Հալեպում ՀՅԴ մամուլի գրասենյակի փոխանցմամբ, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ահաբեկիչների իրականացրած հրթիռակոծության հետեւանքով զոհվել է Կարո Աստուրյանը՝ ծնված 1982թ.:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ահաբեկիչների իրականացրած հրթիռակոծության հետեւանքով հինգ հայ է վիրավորվել՝ Մարիա Խաչերյան-Չիլինգարյանը, Լեւոն Չերչեյանը, Թալին Մինասյանը, Անի Մահսերչյանը եւ Օվսեմ Դեմիրճյանը:
Նշենք, որ նախքան արյունալի իրադարձությունների սկիզբը Սիրիայում 60-70 հազար հայ էր բնակվում: Կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս հատվածը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքիում, Յաղուբիայում, Ռաքքայում, Քեսաբում եւ Դամասկոսում:





























