«Դեմ եմ» նախաձեռնությունը հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում է Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Այդ մասին ասվում է նախաձեռնության կայքում

«Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաեւ աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ եւ իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:

Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:

Այսպիսով՝ հունիսի 11՝ ժամը 19:00, Մատենադարանի մոտ»,- ասվում է հայտարարության մեջ: