Ռուսաստանը միշտ էլ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերությունները հավասարակշռելու քաղաքականություն է վարել: Տեսակետը հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է հնչեցրել:

Նրա խոսքով, Հայաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը մեծ ուշադրությամբ են հետեւում հատկապես հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը: «Չեմ կարծում, որ Ադրբեջանի գործողություններն անսպասելի են հայկական կողմի համար: Այստեղ տարածաշրջանային հարցերին առնչվող խնդիրներ կան: Սակայն Նախիջեւանի հետ սահմանին հնչած կրակոցները նորություն էին` այդ ուղղությամբ վաղուց ոչ մի լուրջ միջադեպ չէր գրանցվել: Նշանակում է` հակառակորդն այդ հատվածին առանձնակի ուշադրություն է դարձնում. այդ մասին մեր անվտանգության ուժերը վաղուց են տեղյակ», - նշել է խորհրդարանականը` հավելելով, որ, այդուհանդերձ, ուկրաինական ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրները եւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը կարող են նոր իրականություններ ստեղծել:

Պատգամավորի համոզմամբ, նախկինում էլ, լուրջ գործողությունների մտադրություն ունենալիս, Ադրբեջանը հատկապես Նախիջեւանի ուղղությամբ է լարվածություն հրահրել: «Բայց Նախիջեւանն այն ռեգիոնը չէ, որտեղ կարելի է լուրջ ռազմական գործողություններ ծավալել, եւ դրանք, բնականաբար, չեն կարող Լեռնային Ղարաբաղի հետ առնչություն ունենալ: Խոսքն ընդամենը երկրորդ ճակատում լարվածություն պահելու նպատակ հետապնդող քաղաքական եւ ռազմական խաղերի մասին է», - նկատել է Լեռնիկ Ալեքսանյանը` ընդգծելով, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի, եւ ոչ` Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին լարվածություն մտցնել:

Հիշեցնենք` հունիսի 5-ին Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդ դիպուկահարի հարվածից երկու հայ ժամկետային զինծառայողներ էին զոհվել` 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ 22-ամյա Բորիս Գասպարյանը: