Հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերը ոչ այսօր, եւ ոչ էլ` երեկ են սկսվել, այլ` այն պահից, երբ Ղարաբաղը բանակցային գործընթացի «հինգերորդ անիվը» դարձավ: Տեսակետը հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսին Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղազարյանն է հնչեցրել:

Նրա համոզմամբ, սահմանները կրակի տակ պահելով եւ հայ զինծառայողներ սպանելով, Ադրբեջանը ցանկանում ի լուր աշխարհի հայտարարել, թե իր հակամարտությունը Հայաստանի հետ է: «Մենք պետք է գործողությունների պլան մշակենք, քանի որ լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած», - նկատել է նախկին պաշտոնյան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում, հրադադարի ռեժիմի խախտմամբ, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից երկու հայ զինծառայողներ են զոհվել` 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ 22-ամյա Բորիս Գասպարյանը: