Դերսիմում, Վաքըֆլը գյուղի նման, բացառապես հայերով բնակեցված գյուղ կարող է հիմնվել: Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտարարել է Դերսիմի հայերի հավատքի եւ սոցիալական փոխօգնության միության ներկայիս նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:

Դերսիմահայերը սույն թվականի մայիսի 3-ին  հավաքվել են Ստամբուլի Գում Գափու (Քում քափը) թաղամասի մոտակայքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցու սրահում: Շուրջ 250 հոգու մասնակցությամբ կայացած երեկույթին մասնակցել են նաեւ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Սասունահայերի միության նախագահ Արամ Դեմիրը, Գում Գափուի վաքըֆի ղեկավարներից Արուշ Թաշը, ինչպես նաեւ` բազմաթիվ դերսիմահայեր:

Երեկույթին ելույթ ունեցած Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, թե սույն պաշտոնին նշանակվելուց հետո միությունն այցեր է կատարել Պոլսո հայոց պատրիարքարան եւ մի քանի այլ հաստատություններ, որոնց հետ հաստատվել են փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններ:

Միության նախագահը նաեւ տեղեկություններ է հաղորդել կազմակերպության առաջիկա ծրագրերի վերաբերյալ, ըստ որոնց` շուտով վախճանված դերսիմահայերի հոգիների խաղաղության համար հոգեհանգստյան արարողություն է կազմակերպվելու, իսկ առաջիկա տարիներին միությունը 4-5 օրով ուխտագնացություններ է կատարելու դեպի Դերսիմ` այդպիսով ամրապնդելով հայրենի հողից հեռացած դերսիմցիների կապը ծննդավայրի հետ:

Ըստ Իսմայիլ Ջեմ Հալավուրթի` միությունը ծրագրում է նաեւ այցելել Երեւան եւ աշխատանքներ տանում` «Դերսիմսպոր» եւ «Արարատ» ֆուտբոլային թիմերի միջեւ բարեկամական խաղ կազմակերպելու ուղղությամբ:

Միության ղեկավարության օրակարգում է նաեւ 1938 թ. Դերսիմի կոտորածի ժամանակ ռմբակոծված Սուրբ Կարապետ հայկական վանքի վերանորոգումը եւ վերաբացումը:

Հալավուրթի ելույթում ամենաուշագրավ թեման հայկական գյուղի մասին ծրագիրն է: Դերսիմահայերի միության նախագահն այդ ծրագրի վերաբերյալ մասնավորապես նշել է. «Թերեւս ոչ մոտ ժամանակներս, սակայն երկարաժամկետ ծրագրում պլանավորում ենք մի հայկական գյուղ հիմնել Դերսիմում, որը ստեղծվելիք կոոպերատիվների եւ ձեռնարկությունների միջոցով կարող է ապահովել ինքն իրեն: Այդ գյուղն Անատոլիայում (Արեւմտյան Հայաստանում-խմբ.) խորհրդանշական կդառնա եւ կլինի երկրորդ հայկական գյուղը` Վաքըֆլըից հետո »:

Հալավուրթը նաեւ նշելով, որ Դերսիմը հայկական օջախ է եղել, շեշտել է. «1915-ին եւ դրանից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ կյանքը կորցրած մարդկանց հոգիներն սկսել են խաղաղություն գտնել: Մեր միությունը, որպես Անատոլիայում ապրած հայ ժողովրդի մի փոքրիկ մասնիկ, շարունակելու է տեր կանգնել իր հողին, անցյալին եւ ինքնությանը»:

Երեկույթին մասնակցել է նաեւ համշենահայկական «Վովա» խումբը, որը հանդես է եկել համշենական երգերի կատարմամբ: