Ներկայումս Ռուսաստանի հասցեին կտրուկ հայտարարություններով հանդես եկող Հյուսիսատլանտյան դաշինքը մի քանի տարի առաջ բառեր չէր խնայում այդ երկրին գովերգելու համար: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը հունիսի 9-ին դաշինքի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն է հնչեցրել` մեկնաբանելով վեհաժողովի վերջին` մայիսի 30-ից հունիսի 1-ը Վիլնյուսում կայացած նստաշրջանի հայտարարությունը:
«Ամեն ինչ դաշինքի շահերից է բխում: Փոխվեն շահերը` կփոխվեն նաեւ հայտարարությունները, միգուցե նույնիսկ նախկինի նման փափուկ դառնան», - հայտարարել է խորհրդարանականը:
Իր հերթին, դաշինքի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը նշել է, որ վեհաժողովի օրակարգի հիմնական հարցը Ուկրաինան եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունն են դարձել: Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանականները փոխզիջումների ճանապարհով լուծումներ գտնելու անհրաժեշտությունն են բարձրաձայնել:





























