ՀՀ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը ընդդիմության վերաբերյալ օրինագիծ կներկայացնի, հունիսի 9-ին լրագրողներին հայտնել  է «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը` իրենց խմբակցությունում ընթացող խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակի նիստի ավարտից հետո: Ըստ նրա` այդպիսի օրենքներ գործում են նաեւ այլ երկրներում, ընդ որում` բավական հաջող: 

«Դրանք օգնում են հակակշիռների արդյունավետ համակարգ ստեղծել, որն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության հաջող գործունեության համար», - հայտարարել է Հակոբյանը:

Ըստ նրա`  այս եւ մյուս պահանջները հասարակությանը եւ կառավարությանը կներկայացվեն հունիսի 10-ին: «Մենք կարծում ենք, որ մեր պահանջները հնարավոր են, հատկապես եթե հիշենք, որ ավելի վաղ իշխանությունը հայտարարել էր համագործակցությանը պատրաստ լինելու մասին», - ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ քառյակի ներկայացուցիչները հայտարարել էին իշխանության գործողությունները վերահսկելու մի շարք գործառույթներ ընդդիմությանը հանձնելու անհրաժեշտոթյան մասին, այդ թվում նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունն առաջարկելու իրավունքը: