Ուսման վարձը հիմնական խնդիրն է, հունիսի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը: Ըստ նրա` նրանց համար ուսման վարձը 30 – 50% -ով ավելի թանկ է, քան տեղացի դիմորդների համար, թեեւ նրանց առաջարկվել է բուհ ընդունվելու հեշտացված կարգ: «30%-ով ավելի են վճարում ԱՊՀ երկրներից ուսանողները,  50%-ով` Իրանից», - պարզաբանում է նա, հավելելով, որ բացառություն են կազմում Սիրիայից ժամանած ուսանողները: Նրանց նկատմամբ 50% զեղչ է գործում նախապատրաստական  կուրսերի համար վճարելիս, եւ նրանց վրա չի տարածվում ուսման վճարի բարձրացումը:

Մկոյանն ուշադրություն է դարձրել, որ սփյուռքահայ դիմորդներն անկախ քաղաքացիությունից կարող են բուհ ընդունվել ընդհանուր հիմունքներով` ընդունելության քննություններ հանձնելով:  Այս դեպքում ուսման վճարը չի տարբերվելու ընդունված կարգից: «Տեսականորեն պետությունը տրամադրում է այդպիսի հնարավորություն, սակայն այդ ուսանողները գրեթե մրցունակ չեն, քանի որ համապատասխան մակարդակի չեն տիրապետում հայերենին», - ընդգծել է Մկոյանը, հավելելով, որ ներկայումս Հայաստանում սովորում է 4000 սփյուռքահայ  ուսանող, որոնցից 15 – 20%-ը սիրիահայ են:

Նա նաեւ տեղեկացրել է, որ սփյուռքահայ ուսանողների փաստաթղթերի ընդունումը կսկսվի հուլիսի 7-ին եւ կավարտվի օգոստոսի 13-ին: