Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Վախթանգ Կիկաբիձեին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երեւանում, եւ համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջեւ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ-վրացական ավանդական կապերի, մշակութային բազմամյա բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Վախթանգ Կիկաբիձեին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության եւ բարձր գնահատանքի համար՝ Վախթանգ Կիկաբիձեն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը՝ հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել հայ ժողովրդին՝ իր արվեստի հանդեպ տածած մեծ սիրո եւ ջերմության համար:





























