Երեւանի քաղաքապետարանի այգիների եւ պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա եւս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այդ համատեքստում այս տարի ամբողջովին կբարեկարգվի նաեւ Երեւանի Գլխավոր պողոտայի` Նալբանդյան եւ Հանրապետության փողոցների միջեւ ընկած տարածքը:
Նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված այգին անխնամ եւ բարձիթողի վիճակում է եղել տասնամյակներ շարունակ: Տեխնիկական անբավարար վիճակով պայմանավորված՝ տարածքում չեն շահագործվել նաեւ ջրավազանները, ջրամատակարարման, ջրահեռացման ու ոռոգման համակարգերը: Տվյալ տարածքում ներկայումս մեկնարկել են շինբարեկարգման լայնածավալ աշխատանքները: Զբոսայգու վերակառուցման ծրագրի արդյունքում ամբողջությամբ կվերականգնվի հանգստի գոտու նպատակային նշանակությունը եւ այն լիովին կծառայի երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Գլխավոր պողոտայի այս հատվածի բարեկարգման նախագծային առաջարկը ներառում է նույն հատվածի ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ առաջարկվող կանաչ զանգվածի եւ գազոնների, մայթերի եւ սալահատակների բարեկարգումն ու արդիականացումը։ Նախատեսվում է նաեւ արդեն քայքայված եւ երկար ժամանակ չգործող ջրավազաններն ու շատրվանները փոխարինել ժամանակակից ջրային եւ լանդշաֆտային տարրերով ու շատրվաններով։ Պողոտայի նշված հատվածում տեղ կգտնեն նաեւ ճարտարապետական եւ լանդշաֆտային փոքր ձեւեր եւ ծավալներ։ Տարածքի վերակառուցումը ենթադրում է այգու կանաչ գոտու առկա ծառատեսակների եւ թփերի քանակական առավելագույն պահպանություն եւ ավելացում։ Հանգստի գոտին կապահովվի ոռոգման համապատասխան ցանցով, կհամալրվի նոր ծառատեսակներով եւ դեկորատիվ թփերով։ Այգու ամբողջ միջավայրը հարմարեցված եւ մատչելի է լինելու նաեւ բնակչության սակավաշարժ խմբերի համար։





























