Հունիսի 8-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելեց բնական աղետի հետեւանքով Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե գլխավոր հյուպատոսության խորհրդականը, տեղում ծանոթանալով իրավիճակին, հանդիպում ունեցավ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության, Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հետ:
Հյուպատոսության աշխատակցի խնդրանքով քաղաքացիների գտնվելու վայրում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի կողմից տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ եւ լուսավորություն, ինչպես նաեւ կազմակերպվել է շուրջօրյա պարեկային ծառայություն:
ՌԴ միգրացիոն եւ մաքսային ծառայությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ երկարաձգվի Վերին Լարս անցակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացիների` ՌԴ-ում գտնվելու թույլտվության եւ նրանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման ժամկետները:
Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացրել է, որ պատրաստ է ցանկացած բնույթի անհրաժեշտ օգնություն ցույց տալ ՀՀ քաղաքացիներին մեր հայրենակիցներին:





























