Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսվող տնտեսական աճի մակարդակը 4,1 - 4,8 տոկոս է դարձրել: Հայտարարությունը խորհրդարանում, 2014թ. դրամավարկային քաղաքականության նախագիծը ներկայացնելիս, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է հնչեցրել: Նրա խոսքով, տարվա սկզբին արված բարձր կանխատեսումները` 5,4 – 6,1 տոկոս, զարգացող, մասնավորապես` Հայաստանի հետ առեւտրային գործընկերություն ունեցող երկրներում տիրող անորոշ վիճակից եւ վճարունակ պահանջարկի թուլացման տեմպերից (էներգակիրների` 2013թ. ամռանը թանկացման ազդեցությունը դեռեւս զգացնել է տալիս) ելնելով են նվազեցվել:

Տնտեսական աճի սպասելիքների նվազեցման ֆոնին բարձր գնաճ եւս չի ակնկալվում: Տարվա վերջին այն կարող է 4 տոկոս կազմել` նվազման տենդենցով:

Վերոնշյալից ելնելով, դրամավարկային քաղաքականության թուլացում է նախատեսվում: Եթե անցյալ տարի վերաֆինսավորման դրույքը 8,5 տոկոսի էր հասել, ապա այս տարի այն նվազեցվել է մինչեւ 7,25 տոկոս: Բացի այդ, 2014թ. հունվար ամսից իջեցվել է դրամով տեղաբաշխվող պարտադիր պահուստների ծավալը` 4-ից 2 տոկոս: Դա հավելյալ դրամական միջոցներ ազատելու եւ տնտեսություն մտցնելու հնարավորություն է ընձեռել: «Կան նաեւ այլ գործիքներ, որոնք վկայում են այն մասին, որ այս տարի պետք է ընդլայնման քաղաքականություն վարենք», - հայտարարել է Ջավադյանը: