Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի նախագահությամբ, օրերս տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների եւ hայաստանյան թեմերի առաջնորդների հերթական ժողովը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովի սկզբում Գարեգին Բ-ն կարեւորել է ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի համակողմանի քննարկումը եւ բարի արդյունավորում է մաղթել ժողովականների աշխատանքներին:

Ժողովում քննարկվել են Եկեղեցու հոգեւոր-կրթական, քարոզչական առաքելությանը վերաբերող կանոնական, ծիսական եւ սոցիալական բնույթի հարցեր:

Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեության եւ 2014-2015 ուս. տարվա ընդունելության գործընթացի վերաբերյալ զեկույց է ներկայացրել Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Համաձայն Սրբազանի զեկուցման` Մայր Աթոռի հոգեւոր-կրթական հաստատություններում ներկայումս ուսանում են 236 սաներ: Գեւորգ Սրբազանը խոսել է հոգեւորականության պատրաստության ծրագրերի, ճեմարանական ընդունելության կազմակերպման ընթացքում ծառացող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետի կողմից թելադրություն է արվել թեմակալ առաջնորդներին` համայնքներում հոգեւոր հովիվների միջոցով քաջալերելու երիտասարդներին, որպեսզի դիմեն Հոգեւոր ճեմարան: Հոգեւոր-կրթական հաստատություններին հանձնարարվել է նաեւ լայն քարոզչություն իրականացնել հաստատությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Արհեստական վիժեցման խնդրի մասին զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրներին, ծնելիության աճի նվազմանը, ամուսնալուծությունների թվաքանակի մեծացման եւ այդ համատեքստում արհեստական ու սեռով պայմանավորված վիժեցման խնդիրներին: Քննարկման ընթացքում մասնավոր կերպով շեշտադրվել է հիշյալ խնդիրների հաղթահարման ուղղությամբ ինչպես օրենսդրական, այնպես եւ հոգեւոր բնույթի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խնդրի առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է թեմակալներին` ավելի զորացնելու ընտանիքի, ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված քարոզչությունը: Հանձնարարական է տրվել Հայեցակարգային գրասենյակին ձեռնամուխ լինելու Ս. Պսակի խորհրդի եւ ժողովին արծարծված նյութերի վերաբերյալ Եկեղեցու հայեցակարգային մոտեցումների հստակեցմանը: