Ռուսաստանի Պետդումային նոր օրինագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է արգելել ծխախոտի վաճառքը՝ մինչեւ 40 տարեկան կանանց: Օրինագծի տեքստը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում:
Ընդ որում, 40 տարեկանն անց կանայք եւս չեն կարող սիգարետ գնել, եթե մինչեւ 14 տարեկան երեխայի են ուղեկցում: Օրինագծի համաձայն, վաճառողը, տարիքի հետ կապված կասկածներ ունենալու դեպքում, գնորդուհուց անձնագիր պահանջելու իրավունք ունի, հաղորդում է Ինտերֆաքսը:
Օրենքի խախտման համար վաճառողները կտուգանվեն: Ֆիզիկական անձինք պարտավոր կլինեն 3 - 5 հազար ռուբլի վճարել, պաշտոնատար անձինք` 30 – 50 հազար, իսկ իրավաբանական անձանց համար նախատեսված տուգանքի չափը 100 – 150 հազար ռուբլի կկազմի:
Օրինագծի հեղինակը` կոմունիստ Իվան Նիկիտչուկը, զուգահեռաբար ներկայացված բացատրագրով նշում է, որ «ծխող կանայք վտանգում են իրենց օրգանիզմի վերարտադրողական գործառույթը, ինչն անդառնալի վնաս է հասցնում ազգի գենետիկ ֆոնդին»:





























