Հայաստանի կառավարությունը պետք է բացատրի հանրությանը, թե ինչու է պետք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության շրջանակում «խորհրդատվության» համար 4,3 մլն ԱՄՆ դոլար ծախսել: Հայտարարությունը հունիսի 9-ին խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն է հնչեցրել: Նրա խոսքով, հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ հիշյալ գումարը պարզապես կոնկրետ ընկերությունների եւ անձանց գրպանում է հայտնվելու:

Ի պատասխան, տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ բոլոր ծախսային փաստաթղթերը ներկայացվելու են հանրությանը, որպեսզի ոչ մեկի մոտ նմանատիպ կասկած չառաջանա:

Ինչպես տրանսպորտի նախարարության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության բյուրոյի մասնագետներն են NEWS.am-ի թղթակցին հայտնել, նմանատիպ ծավալի նախագծերում ընդհանուր ծախսի առնվազն 5 տոկոսը տեխնիկական վերահսկողության եւ խորհրդատվությունների համար է նախատեսվում:

Հյուսի-հարավ ավտոմայրուղու ընդհանուր արժեքը պետք է 967 մլն ԱՄՆ դոլար կազմի, որից 500 մլն-ը Ասիական զարգացման բանկից է ստացվելու (ներկայումս երրորդ տրանշով նախատեսված աշխատանքներն են ընթանում): Միջոցների տրամադրումը 2017թ.-ին է ավարտվելու: Մայրուղին, գործող ճանապարհների ներգրավմամբ, Իրանի հետ սահմանից մինչեւ հայ-վրացական սահման է ձգվելու (Մեղրի-Բավրա): Այն բետոնե ծածկույթ է ունենալու, իսկ ներկայիս ճանապարհներին մեծամասնություն կազմող երթեւեկության 2-ական գոտիները 4-ով են փոխարինվելու: