Դիլիջանի անտառներից մեկում մայիսի 29-ին ապօրինաբար սոճու ծառեր հատելու համար Դիլիջանի բնակիչ Արամ Խաչատրյանը վիճաբանել, ապա իր որսորդական հրացանով ոտքից վիրավորել է երեւանցի Սոս Բաղդասարյանին եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Վկաներից մեկը` Արամ Խաչատրյանի ընկերը, ոստիկանությունում պատմել է, որ ինքը դեպքից օրեր առաջ քաղաքին մոտ անտառից անընդհատ սղոցի ձայն է լսել: «Ստուգելու համար, թե ինչ է կատարվում, բարձրացել եմ անտառ եւ հանդիպել եմ մեծ ոճրագործության: Կարելի է ասել՝ գենոցիդ սոճիների նկատմամբ»,- ոստիկանությունում ցուցմունք է տվել վկան:
Նա պատմել է, որ զանգել է ընկերոջը` Արամին, որն էլ իր որսորդական հրացանով եկել է և միասին գնացել են անտառ: Վկայի խոսքով՝ իր ընկերոջ և տուժողի միջեւ վիճաբանություն է ծագել, որի ժամանակ իր ընկերը պատահաբար կրակոց է արձակել եւ վիրավորել Սոս Բաղդասարյանին:
Ըստ ոստիկանության, նախնական հաշվարկով ծառահատման հետեւանքով պետությանը հասցվել է մի քանի միլիոնի վնաս:
Հարուցվել է քրեական գործ: Արամ Խաչատրյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:





























