Հյուսիս-Հարավ մայրուղու ֆինանսավորման շուրջ ճապոնացի ներդրողների հետ բանակցությունները չեն ավարտվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում հայտարարել է Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Նա նշել է, որ նախագծում հիմնական ներդրողը մնում է Ասիական զարգացման բանկը: Միաժամանակ, Կառավարությունը 150 մլն դոլարի հայտ է ներկայացրել Եվրասիական բանկին: Այդ միջոցներով նախատեսվում է կառուցել Մեղրիից Իրանի սահման ընկած ճանապարհահատվածը, մինչեւ Քաջարան քաղաք:
«Որքան արագ մենք իրականացնենք շինարարական աշխատանքները եւ որքան շուտ ավարտենք, այնքան ուժեղ կլինի տնտեսական արդյունքը»,-վստահեցրել է փոխնախարարը:
«Հյուսիս-Հարավ» բետոնե ավտոմայրուղին կկրճատի Իրանի սահմանից Վրաստանի հետ սահման ճանապարհի տեւողությունը, ինչպես նաեւ երկարությունը (ներկա 556 կմ-ից դարձնելով 500 կմ):
Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի մոտ 960 մլն դոլար, նախագծի հիմնական դոնորը Ասիական զարգացման բանկն է (մոտ 500 մլն դոլար):




























